Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/615

Այս էջը հաստատված է

գծերը՝ ազատասիրության և անհատի հպարտ ինքնագիտակցության ոգին, համաշխարհային թախծի և հուսախաբության մոտիվները: Այդ տրամադրությունները, որոնք 1890-ական թվականներին հոգեհարազատ էին Թումանյանին, մղեցին նրան թարգմանելու այս հատվածները։


1. ՉԱՅԼԴ ՀԱՐՈԼԴԻ ԵՐԳԸ

(!ջ 126)

Առաջին անգամ՝ «Հորիզոն» գրականական հանդես, գիրք առաջին, Թիֆլիս, 1894, էջ 83—86 (գրաքննական թույլատվությունը՝ 1894 թ. նոյեմբերի 11-ին)։ Թումանյանի կենդանության ժամանակ այլևս չի տպագրվել: Զետեղվել է՝ ԵԺ II, 201—203։

Թարգմանությունը, ինչպես նշվում է առաջին հրապարակման վերջում, կատարվել է 1893 թ.։ Ինքնագիրը չի պահպանվել։ Տպագրվում է «Հորիզոն» հանդեսից։

Բայրոնի պոեմի այս հատվածը, որը Բրիտանիայից հեռանալիս հերոսի հրաժեշտի խոսքն է, վերնագիր չունի։ Թումանյանը կոչել է «Չայլդ Հարոլդի երգը»։ Թարգմանելիս նա օգտվել է երգի տողացի թարգմանությունից, բայց նկատի է ունեցել նաև պոեմի ռուսերեն թարգմանությունները։

Հարոլդի հրաժեշտի երգը բաղկացած է տասը 8 տողանի տներից: Թարգմանիչը պահպանել է այդ սկզբունքը, բայց տները կեսից տարածությամբ բաժանվել են քառատողերի (թեև յուրաքանչյուր երկրորդ քառատողն սկսվում է սովորական և ոչ թե ներս տարված տողերով, իսկ դա նշանակում է, որ տների երկատումը կատարվել է, հավանաբար, տպագրության ժամանակ, զուտ տեխնիկական նկատառումներով)։ Հետագա հրատարակությունների մեջ կրկնվել է այդ ձևը։ Մենք վերականգնել ենք տների 8-տողանի կառուցվածքը։

Թարգմանության առաջին հրապարակումն ունի հետևյալ երեք ծանոթագրությունները.

Չայլդ Հարոլդի երգը— Բայրոնը 1809 թվին յուր հայրենիք Անգլիայից վշտացած հեռացավ դեպի Արևելք և այս ճանապարհորդության ժամանակ գրեց «Չայլդ Հարոլդ» պոեման։ Մեր թարգմանած հատվածը Չայլդ Հարոլդի հրաժեշտի երգն է:

17 Մոտիկ արի՛, մանկլավիկս— «Այս երեխային (Ռոբերտ Ռեշտոն) ես վերցնում եմ ինձ հետ, գրում է բանաստեղծն յուր մորը. ես սիրում եմ սրան, որովհետև, ինձ թվում է, թե սա էլ ինձ նման ձգված մի արարած է:

41 Ե՛կ, զինակիրս հավատարիմ— Ուիլյամ Ֆլետչեր. Բայրոնի 20 տարվան հավատարիմ ծառան, որն և ներկա էր յուր տիրոջ վերջին հառաչանքին Միսալոնգում 1824 թ. ապրիլի 10-ին: