Սույն հատորի հիմնական բաժնում արտատպվում է «Վտակում» հրապարակված խմբագրությունը, քանի որ այն առկա տարբերակներից միակն է, որը գեթ մի որոշ շրջանում բավարարել է թարգմանչին և ավարտուն տեսքով հանձնվել է տպագրության։ Հաջորդ երեք տարբերակները (գ, դ, ե) ակնհայտորեն անավարտ, սևագիր բնույթ ունեն։ Նրանց տարբերությունները տպագիր տեքստից ներկայացվում են միասնաբար և ըստ առանձին տողերի, որով ավելի լավ է երևում փոփոխակների բազմազանությունը և թարգմանչի ստեղծագործական որոնումների պատկերը։
ՄԾԻՐԻ
(Էջ 131, 498)
Առաջին անգամ լույս է տեսել առանձին գրքով, 1896 թ. (Լերմոնտով. Մծիրի, թարգմ. Հովհաննես Թումանյանց, հրատ. Փիլիպոս Վարդազարյանի, Թիֆլիզ, 1896, 35 էջ, գրաքննական թույլատվությունը՝ 1896 թ. ապրիլի 10-ին)։ Թարգմանության ինքնագիրը չի պահպանվել։
Թումանյանի կենդանության ժամանակ, որոշ փոփոխություններով, թարգմանությունը երկրորդ և վերջին անգամ տպագրվել է՝ ԲԹ, էջ 273—302։ Հետմահու բոլոր հրատարակությունների համար (այդ թվում նաև ԵԺ II, էջ 180—200) հիմք են ծառայել ԲԲ ժողովածուի շարվածքի համապատասխան էջերը (265—292) և նրանց վրա բանաստեղծի կատարած ձեռագիր ուղղումները, որոնք, սակայն, ժամանակին չեն հրապարակվել, քանի որ «Մծիրին» ի վերջո դուրս է մնացել այդ գրքից (մանրամասները տե՛ս ստորև)։
Ներկա տպագրությունը ևս կատարվում է ԲԲ ժողովածուի շարվածքի հիշյալ առանձնատիպից, որը պահվում է ԳԱԹ, ԹՖ, 1351։ Մյուս հրատարակությունների բնագրային տարբերությունները և թարգմանության հետ կապված բոլոր ձեռագիր նյութերը հավաքված են տարբերակների բաժնում։
Մ. Յու. Լերմոնտովի (1814—1841) նկատմամբ բուռն սերն ու հետաքրքրությունը Թումանյանի մեջ ծագել են վաղ պատանեկան տարիներից և հարատևել են մինչև վերջ։ Այդ մասին նա վկայել է 1902 թ. Յու. Վեսելովսկուն գրած հայտնի նամակում (ԵԺ V, 232—236), 1905 թ. «Ինքնակենսագրության» մեջ (տե՛ս «Լույս» օրացույց—հանդեսի հավելվածը. 1905), «Կովկասի մեծ որդեգիրը» հոդվածում (1914, ԵԺ IV, 302—304) և ուրիշ առիթներով։ Բազմաթիվ վկայություններ կան նաև ժամանակակիցների հուշերում։ 1890-ական թթ. հայ բանաստեղծը թարգմանել է Լերմոնտովի «Իղձ», «Ես չեմ ուզում մարդ իմանա...», «Հրեշտակ» բանաստեղծությունները, ավելի ուշ՝ Գյոթե-Լերմոնտովի «Լերանց շարքերը...»: Հայտնի է նաև, որ դարավերջին Թումանյանը մտադիր է եղել թարգմանել և առանձին գրքույկով տպագրել Վ. Գ. Բելինսկու «Լերմոնտովի բանաստեղծությունները» նշանավոր հոդվածը, բայց այդ ծրագիրը չի իրականացել՝ հրատարակչական