Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/619

Այս էջը հաստատված է

Արասխանյանի ամսագրից։ Իր բերած համեմատական օրինակները գրախոսն ավարտում էր այսպիսի՝ խիստ անարդարացի ընդհանրացմամբ. «Տեր-Գևորգյանի «Մցիրին» կարդացվում է մեծ ախորժանքով և կարելի է համարել հարազատ թարգմանություն թե մտքի և թե ոճի կողմից, և որ գլխավորն է՝ զգում եք, որ Լերմոնտովն եք կարդում։ Դրա հակառակն է Թումանյանցի «Մծիրին», որը բացի շատ բազմաթիվ սխալներից, չունի Լերմոնտովի գերազանց պոեմայի ոգին, այնպես որ ոչ մի սրբագրությամբ չի կարելի ուղղել: Հով. Թումանյանցին ճանաչում էինք իբրև հեղինակ հաջողակ ինքնուրույն ոտանավորների՝ մանավանդ գյուղական կյանքից, բայց նա իր Մծիրի-ով ու Շիլիոնի կալանավոր-ով ապացույցներ է տալիս, որ Լերմոնտովներն ու Բայրոնները նրան մատչելի չեն» (ՄՃ, 1896, № 5, էջ 652):

Չխոսելով արդեն այն մասին, որ երկու թարգմանությունների հետագա ճակատագիրը ճիշտ հակառակն ապացուցեց (մեկը հիմնովին մոռացության մատնվեց, իսկ մյուսը լայն ժողովրդական ճանաչում գտավ), այս տողերում բոլորովին սխալ գնահատական է տրված Լերմոնտովի և Բայրոնի նկատմամբ Թումանյանի վերաբերմունքին, որոնց հետ նա սերտորեն առնչվում է հոգեկան և ստեղծագործական բազմազան կապերով։

Պետք է ասել, սակայն, որ «Մծիրիի» թարգմանությունը չի պատկանում բոլոր առումներով կատարելության հասցված և իրեն՝ Թումանյանին բավարարած երկերի թվին: Առանձին հրատարակությունից մի քանի տարի անց Թումանյանը իր թարգմանության մեջ մտցրեց զգալի թվով փոփոխություններ և ճշտումներ: Սակայն այս երկրորդ՝ ԲԹ-ի տարբերակը նույնպես վերջնական բնույթ չստացավ։ Թարգմանության բարելավման խնդիրը նորից կանգնեց Թումանյանի առաջ 1907—08 թթ՝ ԲԲ ժողովածուն կազմելու կապակցությամբ, մանավանդ որ Բաքվի հայոց հրատարակչական ընկերության ղեկավարները իրենց նամակներում բազմիցս խոսում էին այդ մասին։ Մ. Տեր-Անդրեասյանը 1908 թ. մարտի 18-ի նամակում «Մծիրիի» թարգմանության մեջ բանաստեղծի մտցրած նոր բարեփոխումները համարում էր խիստ անբավարար։ Նա գրում էր.

«Մծիրի»-ի մեջ մի երկու հեշտ ուղղելի բան շինել ես. բայց այն բաները, որ մի քիչ ժամանակ և ուշադրություն են պահանջում—չնեղանաս խիստ խոսքիս վրա—ծուլության ու անհոգության ես մատնել։ Ես մեկ-մեկ չեմ կրկնի այստեղ նոյեմբերի 24-ին գրած նամակիս նկատողությունները, եթե նամակս չես պատռել—մեկ էլ կարդա։ Մանավանդ անընդունելի է XXVI գլուխը, որ ուղղակի սխալ է թարգմանված։

Հույս ունեմ, որ նամակս ստանալուն պես չես զլանալ մի քանի ժամ նվիրել «Մծիրի»-ին և շուտով կուղարկես վերջնական խմբագրությանդ բովից անցած մի գործ» (ԹՖ, № 1127)։

Հաշվի առնելով Մ. Տեր-Անդրեասյանի այս և 1907 թ. նոյեմբերի 24-ի նամակները (վերջինս մեզ չի հասել), Թումանյանը նորից վերամշակել է թարգմանությունը և ուղարկել Բաքու (Ե. Թաղիանոսյանը 1908 թ. ապրիլի 18-ի նամակում հայտնում էր. «Ուղղած «Մծիրին» ստացել եմ»,— ԹՖ,