Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/620

Այս էջը հաստատված է

№ 633): Մասնավորապես, ուղղվել են պոեմի վերջին գլխի մի քանի տող, որոնց մասին Մ. Տեր-Անդրհասյանը իրավացիորեն գրում է, թե «ուղղակի սխալ են թարգմանված» (խոսքը վերաբերում է հատկապես 710 և 717 տողերին, որոնց նախնական տարբերակները՝ «Դու հըրամայիր դիակս տանելու», «Դու հըրամայիր ինձ այնտեղ թաղեն» — համապատասխանաբար դարձել են՝ «Պատվեր տուր այնժամ դու ինձ տանելու», «Դու հըրամայի ինձ այնտեղ տանեն»)։

Սակայն այս փոփոխություններից հետո էլ թարգմանությունը, ըստ երևույթին, ինչ-ինչ կողմերով չի գոհացրել Հրատարակչական ընկերությանը, և նրա տպագրությունը մերժվել է։ 1908 թ. օգոստոսի 1-ի նամակով Տեր-Անդրեասյանը հայտնում էր. «Այսօր իմացա, որ առանց ինձ վճիռ են կայացրել «Մծիրին» դուրս գցել (ԲԲ ժողովածուից—խմբ.) ... «Մծիրին» դուրս գցելու մասին քեզ բացատրություն կարող է տալ Քաջազնունին, որ ներկա է եղել այդ նիստին» (ԹՖ, № 1129):

Այսպիսով, «Մծիրին» չունի թարգմանչի կողմից վերջնականապես վերանայված ու ճշտված բնագիր: Ահա թե ինչու 1908-ից հետո էլ Թումանյանը մտադիր է եղել վերադառնալ այդ գործին։ 1910-ական թթ. սկզբին նրա մեջ նորից ուժեղանում է հետաքրքրությունը Լերմոնտովի նկատմամբ, որի արտաքին շարժառիթը մեծ բանաստեղծի ծննդյան մոտեցող 100-ամյակն էր։ 1912 թ. նոյեմբերին Ալ. Ծատուրյանին հասցեագրած նամակում Թումանյանը հայտնում էր, որ «Գարուն» ալմանախից պատվեր է ստացել Լերմոնտովի «Կալաշնիկովի երգը» թարգմանելու համար։ «Ճշմարիտ է, վաղուց եմ ուզել,— ասում է բանաստեղծը այդ գործի մասին,— բայց դեռ գլուխ չի եկել» (ԵԺ VI, 428—429)։ Ինչ վերաբերում է «Մծիրիին», ապա Թումանյանը, դստեր վկայությամբ, «1913 թվականին մտածում էր նորից թարգմանել, ինչպես ինքն էր ասում՝ «աչքի անցկացնել»։ Արխիվում մնացել է նոր կատարած թարգմանության երեսուն տողը՝ սևագիր» (Ն. Թումանյան, էջ 107)։ Այդ հատվածից (տե՛ս տարբերակների բաժինը) երեում է, որ Թումանյանն այս շրջանում ցանկացել է կիրառել թարգմանական այլ սկզբունքներ, մասնավորապես՝ մեծ մասամբ հրաժարվել պարտադիր հանգավորումից։ Ըստ երևույթին, նա մտածել է հետևել իր թարգմանած ռուսական բիլինաների և Լերմոնտովի «Կալաշնիկովի երգի» անհանգ ոտանավորին։ Սակայն տարածել այդ սկզբունքը «Մծիրիի» վրա հազիվ թե ճիշտ կլիներ, և Թումանյանն իր այդ փորձը առաջ չտարավ։

Վերջին անգամ Լերմոնտովի պոեմի թարգմանության մասին Թումանյանն արտահայտվել է 1920 թ., գարնանը, երբ պատրաստվում էր նրա վերջին չափածո ժողովածուն։ Ինչպես հիշում է բանաստեղծի դուստրը, «թարգմանություններից էլ մի քանիսը հանեց, «Մծիրին» դրեց մի կողմ, որ նորից մշակի նոր ձևով. «Սա դեռ մնա, մի աչքի պիտի անցկացնեմ» (ն. տ., էջ 239)։ Այդ է պատճառը, որ ԲՊ-ում ևս «Մծիրին» տեղ չի գտել։

Չնայած թարգմանչի դժգոհությանը և գործը բարելավելու մտադրությանը, Թումանյանի «Մծիրին» Լերմոնտովի և ընդհանրապես ռուս դասական պոեզիայի հայերեն լավագույն թարգմանությունների թվին է պատկանում: