Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/623

Այս էջը հաստատված է

ժողովածուի թարգմանությունների բաժնում առաջին անգամ հրապարակվեց Լոնգֆելլոյի «Մանուկներին» բանաստեղծությունը, որին մի քանի տարի անց հետևեց պոեմի այս երկու գլուխների թարգմանությունը։

«Հայավաթի երգի» վրա աշխատելիս Թումանյանն իր ձեռքի տակ ունեցել է անգլերեն բնագրից կատարված տողացի թարգմանությունը: Նա օգտվել է նաև Ի. Ա. Բունինի թարգմանությունից, որն օգնեց ավելի լավ հասկանալու և վերարտադրելու պոեմի պատկերավորության, լեզվի և կառուցվածքի սկզբունքները։ Այսպես, երկու դեպքում էլ թարգմանության տողերը (ինչպես և անգլերեն բնագրում) անհանգ են, 8-վանկանի, թեն Բունինի թարգմանության մեջ դա քառոտնյա քորեյն է, իսկ Թումանյանի մոտ՝ հայկական վանկային ոտանավորի 8-վանկանի չափը՝ տողակեսի կայուն հատածով։ Հայ բանաստեղծը ևս պահպանում է ամերիկյան հնդիկների բառապաշարի բավական հարուստ շերտը, առանց որի ազգային միջավայրի պատկերը կարող էր ներկայանալ թերի։

Թումանյանը թարգմանել է «Հայավաթի երգի» միայն նախերգանքը և 22 գլուխներից առաջինը՝ «Խաղաղության չիբուխը» (ընդամենը 284 տող), որոնք, սակայն, ելակետային նշանակություն ունեն ամբողջ ստեղծագործության պատկերային և գաղափարական բովանդակությունը ճիշտ հասկանալու համար: Լոնգֆելլոյի պոեմի թարգմանությունը տարրեր ժողովուրդների էպիկական պոեզիան ճանաչելու և ստեղծագործաբար յուրացնելու ձգտման դրսևորումներից մեկն էր, ձգտում, որը տակավին 1890-ական թվականներից շատ բնորոշ էր Թումանյանին։ Այդ ճանապարհին նա չէր կարող ուշադրություն չդարձնել ամերիկյան հնդիկների բանահյուսության, նրանց կյանքի ու կենցաղի յուրահատուկ գծերով առատորեն հագեցած մի այնպիսի ստեղծագործության վրա, որպիսին էր Լոնգֆելլոյի պոեմը։

Սակայն «Հայավաթի երգից» (և այն էլ հատկապես 1907 թվականին) երկու գլուխ թարգմանելու փաստը ուներ նաև կենսագրական ու գաղափարական ավելի կոնկրետ ազդակներ։ Թարգմանության պահին (հավանաբար՝ 1907 թ. ամռանը) Թումանյանը նոր էր անցել Կովկասում ազգամիջյան կռիվների երկամյա արհավիրքների միջով, որոնց ընթացքում նա անփոփոխ հանդես էր եկել իբրև ազգերի միջև խաղաղության և համերաշխության հետևողական պաշտպան։ «Հայավաթի երգի», մանավանդ Թումանյանի թարգմանած առաջին գլխի («Խաղաղության չիբուխը») մեջ այնքան ցայտուն արտահայտված խոհերը բոլոր մարդկանց ու ցեղերի փոխըմբռնման և համագործակցության մասին շատ հարազատ էին հայ բանաստեղծի սրտին: Դա էր, առաջին հերթին, որ նրան մղեց թարգմանելու և հայ ընթերցողին հանձնելու ամերիկյան բանաստեղծի մարդասիրական ստեղծագործությունը:

«Հայավաթի երգի» հայերեն լրիվ թարգմանությունը բնագրից հետագայում իրագործել է Խաչիկ Դաշտենցը (առանձին գրքով լույս է տեսեք 1943 և 1958 թթ.), որը լեզվական, տաղաչափական և պատկերային համակարգի շատ հարցերում հետևել է Թումանյանի թարգմանական սկզբունքներին։