Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/627

Այս էջը հաստատված է

ծանոթագրության մեջ մտցված շարահյուսական ոչ մեծ փոփոխությունները: Այդ ծանոթագրության մեջ Թումանյանը գրել է (բերվում է ԲՊ-ի խմբագրությամբ).

«Սվյատագորը ռուսաց былина-ներում ավագ հսկաներից մինն է։ Էն կոպիտ ուժն է, որ թափառական շրջանն է ներկայացնում։ Իսկ Միկուլա Սելյանինովիչը (շինական) էն հսկա երկրագործն է, որ համարվում է նստակյաց գեղջուկ աշխարհի նախահայրը։ Սրա երևալով Սվյատագորը տեղի է տալիս ու մեռնում» (ԲՊ, 313)։

ԼV-ում Թումանյանը, որը Ստ. Լիսիցյանի և Լ. Շանթի հետ միասին այդ դասագրքի կազմողներից մեկն էր, մի քանի ոչ մեծ փոփոխություն է մտցրել (տե՛ս տարբերակների բաժինը)։ Բացի այդ, դասագրքում թարգմանությունը բաժանված է երեք մասի՝ ա (1—24 տողեր), բ (25—56 տողեր), գ (57—79 տողեր)։ Նյութը զետեղված է «Մայր հոգի ուժը» ընդհանուր վերնագրի տակ և ունի փոքրիկ նախաբան, որն անշուշտ պատկանում է Թումանյանի գրչին և զարգացնում է ՆՀ և ԲՊ ծանոթագրության մտքերը՝ բիլինայի պատմական բովանդակության ու գաղափարի մասին։ Բերում ենք այդ նախաբանն ամբողջությամբ.

«Սվյատագորը ռուսաց ավագ հսկաներից մինն էր, որոնք վայրենի և թափառաշրջիկ կյանք էին վարում։ Բոլոր ավագ հսկաների մահից հետո նա դեռ ապրում էր քաշված իր Սուրբ սարերը և երբեք ներքև չէր գալիս. գետինը չէր կարողանում նրան տանի և ներքևը արդեն փոխված էր աշխարհքը, արդեն մարդիկ դարձել էին նստակյաց և վար ու ցանք էին անում։ Էնտեղ երևացել էին նստակյաց կյանքի սովոր նոր, կրտսեր հսկաներ, որոնցից մեկն էր Միկուլա կամ Նիկոլա Սելյանինովիչը, այսինքն՝ Շինականը: (ԼV, 164),:

Թարգմանության վերջում, դասագրքի մեջ ընդունված սկզբունքի համաձայն, բացատրվում են մի շարք բառեր և տրվում են լեզվական առաջադրանքներ: Աշակերտներին ներկայացվող հարցերը նույնպես պատկերացում են տալիս, թե Թումանյանն իր թարգմանության մեջ ի՛նչն էր համարում գլխավորը. «1. Ինչո՞ւ է հողը կոչվում «մայր հող»։ 2. Էդ ի՞նչ «հողի ուժ» է խուրջինի մեջ, որ կրում է Շինականը իր ուսին։ 3. Սվյատագոր հսկան ինչո՞ւ չի կարողանում բարձրացնել այդ խուրջինը» (ն. տ., 167)։

Թումանյանի մտքերը այս բիլինայի մասին միանգամայն ճիշտ են արտահայտում նրա պատմագեղարվեստական բովանդակության հիմնական գծերը։ Բավական է վկայակոչել ռուսական բանահյուսության նշանավոր հետազոտողի կարծիքն այդ մասին. «Հերոսների փոխարինումն արտահայտում է երկու պատմական դարաշրջանների փոխարինումը,— այս է բիլինայի հիմնական, ամենախոր իմաստը» (В. Я. Пропп, Русский геронческий эпос, изд. 2-ое» М., 1958, с. 86)։ Բիլինայի պատմաառասպելական լայն բովանդակությունը և հողի ամենազոր ուժի գաղափարը, որը շատ համահնչուն էր Թումանյանի դեմոկրատական աշխարհայացքին, դրդեցին նրան թարգմանելու այս երկը