Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/634

Այս էջը հաստատված է

<ՄՈՒՐՈՄՑԻ ԻԼԻԱՆ ԵՎ ԿԱԼԻՆ ԹԱԳԱՎՈՐԸ>

(հատված)

(Էջ 204)

Սևագիր թարգմանություն է, Թումանյանի կենդանության ժամանակ չի տպագրվել։ Առաջին անգամ՝ ԵԺ VI, 76—79: Հրատարակվում է ինքնագրից (ԹԹ, № 941)։ Տողերի փոփոխակները տրվում են հիմնական տեքստի հետ՝ տողատակին:

Վ. Ավենարիուսի գրքում այս բիլինան տեղադրված է Թումանյանի թարգմանած «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ» բիլինայից անմիջապես հետո (էջ 161—181) և նրա բովանդակության ուղղակի շարունակությունն է: Այստեղ պատմվում է բանտարկվելուց հետո Մուրոմցի Իլիայի նոր արկածների, թաթար Կալին թագավորի արշավանքի ժամանակ հայրենիքի փրկության համար նրա կատարած սխրանքների մասին։ Այս գործի թարգմանությունը Թումանյանը ձեռնարկել է 1910-ական թթ., հավանաբար, համաշխարհային պատերազմի շրջանում՝ թաթար-մոնղոլական լծի դեմ Ռուսիայի մղած դարավոր պայքարի մեջ տեսնելով զուգահեռներ հայ ժողովրդի ազգային-ազատագրական մաքառումների հետ։

Սակայն Թումանյանի այս թարգմանությունը մնացել Է նախնական փուլում. 750 տող ունեցող բիլինայից նա թարգմանել Է միայն սկիզբը՝ ընդամենը 90 տող, այն էլ թողնելով անմշակ և անկատար։


<ԱՍՔ ԻԳՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ >

(Հատված)

(Էջ 208)

Թումանյանը սիրել և հետաքրքրվել է ռուս միջնադարյան գրականության խոշորագույն հուշարձանով՝ «Ասք Իգորի արշավանքի մասին» հերոսական պոեմով (XII դար)։ Նրա անձնական գրադարանում կան պոեմի մի շարք հրատարակություններ, այդ ստեղծագործության մասին գիտական հրատարակությունների ժողովածուներ (ցանկը տե՛ս Ն. Թումանյանը, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, 1956, էջ 99)։ Այդ գրքերից մեկն է՝ Слово о полку Игореве. Новейший буквальный перевод в стихах Н. Алябова М., 1873. Այդ գրքի 32-րդ էջից էլ թարգմանել է Թումանյանն այս քառատողը, գրել է առանձին թերթիկի վրա և դրել գրքի մեջ։ Թարգմանված հատվածը պոեմի ամենաքնարական մասերից է՝ քաղված Յարոսլավնայի ողբից։ Թումանյանի համար հիմք են ծառայել Ն. Ալյաբովի գրքի հետևյալ տողերը.