այդ մտադրության մասին վկայում են նաև ժամանակակիցները (տե՛ս, օրինակ, Հ. Սուրիաթյանի հուշերը՝ ԹժՀ, 712),
Ահա իր այդ վաղեմի մտադրությունը գեթ մասամբ իրականացնելու և հայ երեխաներին «Ընձենավորի» մասին որոշ պատկերացում տալու համար Թումանյանն իր մասնակցությամբ կազմված դասագրքի մեջ մտցրեց այս նյութը։ Սա սովորական իմաստով թարգմանություն չէ, այլ մի ուրիշի կատարած թարգմանության փոխադրություն բարբառից գրական լեզվի, մասամբ էլ արձակ վերապատմություն։ Փոխադրության հիմքը եղել է Ռուսթավելու պոեմի առաջին հայերեն թարգմանությունը (հատվածաբար), որ կատարվել էր դրանից ավելի քան կես դար առաջ: Այդ թարգմանութ՚յունը, որը կրում է «Ընձու մորթի հագած մարդ» վերնագիրը և ընդգրկում է պոեմի առաջին մի քանի գլուխները, տպագրվել է «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրի մի քանի համարներում (1860, № 6, 8, 9, 1861, № 10, 1862, № 2, 7, 11)։ Թարգմանության նախաբանը և բոլոր հատվածները ստորագրված են «Սարգիս», սակայն, ինչպես վաղուց պարզված է, թարգմանիչը թիֆլիսահայ բժիշկ և գրական-հասարակական գործիչ Ստեփան Բաստամյանն է (1815—1872): Քառորդ դար անց այդ թարգմանությունը վերահրատարակվել է հետևյալ բազմալեզու ժողովածուի մեջ. Е. С. Сталинский. Барсова кожа — грузинская поэма Шота Руставели на русском, французком, немецком, грузинском и армянском языках, выпуск второй, Тифлис, 1888. Ավելի ուշ թարգմանության մեծ մասն արտատպվել է «Պրոլետար» թերթում (1937, № 285):
Ստ. Բաստամյանի թարգմանությունը կատարված է թիֆլիսահայ բարբառով՝ խառնված ձևավորվող աշխարհաբարի որոշ տարրերի հետ: Բնականաբար, այդ ձևով այն չէր կարելի ներկայացնել դարասկզբի հայ աշակերտությանը։ Թումանյանը թարգմանության լեզուն զգալի չափով գրականացրել է, հարմարեցրել դպրոցական ուսուցման խնդիրներին: Փոխադրությունը, որին տրվել է նոր վերնագիր՝ «Ռոստեվանի և Ավթանդիլի մրցությունը», իր բովանդակությամբ ընդգրկում է (Ռուսթավելու պոեմի առաջին երկու գլուխներր («Արաբների թագավոր Ռոստեվանի պատմությունը», «Ռոստեվան թագավորի և Ավթանդիլի որսորդությունը») և դասագրքում բաժանված է երեք մասի (Ա, Բ, Գ)։ Այն համընկնում է «Կռունկի» հրապարակման նշված ամսագրային յոթ համարներից առաջին հինգի հետ՝ բաց թողնելով վերջին երկուսի նյութը։ Պատմության մի մասը ներկայացված է արձակ վերաշարադրանքով (որի մեջ, ի դեպ, առավել ցայտունությամբ են երևում Թումանյանի պատմողական ոճի հատկանիշները)։ Չափածո մասերում էլ շատ տողեր կրճատված են։
Բաստամյանի թարգմանության երկու հատված (1860, № 6 և 1861թ. № 10) տպագրվել է 16-վանկանի տողերով և կից հանգավորումով, իսկ մյուսները բաժանված են 8-վանկանի տողերի, որոնցից հանգավորված են միայն զույգ տողերը։ Թումանյանը չափածո բոլոր մասերը վերածել է 8-վանկանի տողերի։ Ինչ վերաբերում է բուն տեքստի մեջ մտցված փոփոխություններին, ապա դրանք բավական տարբեր են։ Կան հատվածներ,