Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/639

Այս էջը հաստատված է

ԿԱՂՆԻ

(Էջ 217)

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱՒ ԹՖ, № 37), որի տակ նշված է գրության թվականը՝ 18 սեպտեմբերի 1896 թ.։ Կաղնու այլաբանական պատկերով Թումանյանն իր դրվատական վերաբերմունքն է արտահայտել ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Հայրիկի) նկատմամբ։ Ոտանավորը նվիրված է բանաստեղծի մտերիմ բարեկամ իշխանուհի Մարիամ Թումանյանին։

Աոաջին անգամ տպագրվել է ՈՒՀ—1, էջ 305, առանց բնագրային տարբերությունների և մի քանի անճշտություններով, որոնք ուղղվում են ըստ ինքնագրի։ Բանաստեղծությունը թյուրիմացությամբ դուրս է մնացել սույն հրատարակության 1-ին հատորից։

Թումանյանի վերաբերմունքը Մ. Խրիմյանի նկատմամբ արտահայտվել է նաև «Հայ ուխտավորին» բանաստեղծության մեջ (1898), նրա մահվան առթիվ գրված «Երկու հայր», «Խրիմյան Հայրիկի օրերից մինը» արձակ էջերում (1907)։ Կարճատև հիասթափությունից հետո, որը կապված էր Ղ. Աղայանի և Ա. Ղլտճյանի հանդեպ կաթողիկոսի անարդար վերաբերմունքի հետ (տե՛ս ԵԺ V, 86), Թումանյանը 1895 թ. նոյեմբերին Մ. Խրիմյանին անձամբ հանդիպելուց հետո (ԵԺ V, 113) նորից շատ բարձր է գնահատում նրա ազգային-հասարակական գործունեությունը և մարդկային նկարագիրը։ Դրա վկայություններից մեկը եղավ այս բանաստեղծությունը։


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

(Էջ 219)

Տպագրվում է ըստ ինքնագրի, որը տասնամյակներ շարունակ Թումանյանի ընտանիքի արխիվում մնալուց հետո այժմ հանձնվել է և պահվում և բանաստեղծի թանգարանում (տե՛ս ԹԹ, նոր նյութեր, թղթապանակ № 36)։ Բանաստեղծությունը, ըստ ինքնագրի տակ կատարված նշումի, գրված է 1920 թ. փետրվարի 19-ին, Թիֆլիսում։ Ըստ չհաստատված տվյալների՝ նույն ժամանակ էլ տպագրվել է «Բանակի օր» մեկօրյա թերթում (թերթը մեզ չի հասել)։

Սույն հրատարակության առաջին հատորից բանաստեղծությունը դուրս է մնացել խմբագրությունից անկախ պատճառներով: Շատ այլ նյութերի հետ միասին, ինքնագիրը թանգարանին հանձնելուց հետո, Թումանյանի դուստր Թամարի առաջարկով բանաստեղծությունը հրապարակել է Խ. Գյուլնազարյանը (տե՛ս «Հայրենիքի ձայն», 1989, 1 նոյեմբերի, № 44)։

Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուից դուրս չթողնելու նպատակով «Հայկական բանակը» բանաստեղծությունը տեղադրվում է սույն հատորի «Հավելված» բաժնում։