Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/65

Այս էջը հաստատված է



ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

ՏԱՆԸ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Մենք կարծում էինք, թե իր շանթերով
Հըսկում է աստված Սասմա սարերին.
Մենք ասում էինք՝ անթիվ նավերով
Կըգան օգնության մեր ծանըր օրին…

Ավա՜ղ մեր պայծառ հույսերի համար.
Ահա խորտակված, և ահա կըրկին
Նայում ենք անհույս, մենա՛կ, դալկահար՝
Մորթող թըշնամու արյունոտ ձեռքին։

Երկրի մեծերը չեն փոխում իրենց
10 Մեռելի ոսկրին ողջ ազգը հայի,
Մեր տունն են ուզում, մեր տեղն են ուզում,
Մեր բուն երկիրը՝ մեզնից ամայի…

Նա էլ, որ աստծու անունով եկավ,
Փըրկչական խաչով, խոսքով գըթության,
Նա էլ աստըծուն՝ կանգնեց՝ փառք տըվավ,
Որ մենք հոշոտված, տանջված ենք էսքան…

Ու հոսո՜ւմ, հոսո՜ւմ, հոսում է անմեղ
Արյունն-արցունքը տարաբախտ ազգի,
Հոսում ամեն օր, հոսում ամեն տեղ,
20 Եվ դեռ սոսկալին չի եկել իսկի…