Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/72

Այս էջը հաստատված է



Է՜յ, հերիք էր, լար բռնակալ,
Քանի՞ տանջես խեղճերին․
Խեղճը պիտի ապրի դարձյալ,
220 Վայն եկել է քու օրին…
. . . . . . . . . . . .
Ազատության որդիքն ենք մենք՝
Թըռած դեպի ապագան։
Էսպես խըմբով սըլանում ենք,
Ո՞վ կըփակի մեր ճամփան.
Կայծակ կըլնենք
Կիջնենք ամպից.
Հեռո՜ւ ճամփից,
Հեռո՜ւ ճամփից…

230 Հե՜յ, գալիս ենք, ո՛վ տանջվածներ,
Գալիս ենք մենք զինավառ,
Ե՛վ ազատ օր, և՛ կյանք, և՛ սեր—
Ողջ բերում ենք ձեզ համար։
. . . . . . . . . . . .

VI

Դողդոջ ու գունատ պառավները լուռ
Ականջ են դընում։ Սարսափ ու սարսուռ
Պատել է նրանց, և սարսափահար,
Տեղները սառած, նայում են իրար.
Ի՜նչ է կատարվում իրենց հին տանը,
240 Ի՜նչ երգ է երգում իրենց Վահանը,
Ի՜նչ երգ են երգում էս տղերքը նոր,
Ի՜նչ երգ են երգում անզո՜ւսպ, ահավոր…
Ամբողջ գիշերր կըրակի վըրի
Էն շամփրի նըման, անքուն ու ցավոտ,
Պըտուտ են գալիս անկողնի միջին,
Պըտուտ են գալիս մինչև առավոտ։

— Վահա՛ն ջան, Վահա՛ն, ի՞նչ երգեր են էդ.
Ի՜նչ վըտանգավոր երգեր եք երգում…