Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/98

Այս էջը հաստատված է

Արի զըմրուխտ էս դալարում էսպես հանգչենք մենք հիմիկ,
270 Բայց տե՛ս, եթե ինձ համբուրես՝ կըկորցընես էնքան բան,
Որ ողբալու բավ չեն աչքերդ ու ոչ կյանքըդ բավական։
Ասավ ու հեշտ ընկողմանեց իմ հողեղեն ծընկներին
Համակ լույս֊կյանք, համակ հըրճվանք ու բուրավետ էն փերին։
Նայում էի, նայում՝ հարբում, մըթնում աչքերս ու մըթնում,
Թըվում էր թե նա սահելով շուրթերիս էր մոտենում․․․
Մին էլ, կարծես երազի մեջ, տաք համբույրը ըզգացի,
Ու զըրնգաց շուրջըս հանկարծ հընչուն ձենը կանացի.
— Ափսո՛ս, թըշվա՛ռ, մի համբույրով դու կորցըրիր էնքան բան..․
«Ափսո՛ս, թըշվա՛ռ․․․» զըրնգում էր էն անտառը դյութական։
280 Կանգնած էի ապշած, մենակ, նախատելով ինքըս ինձ,
Մին էլ հանկարծ ըսթափվում եմ ուրիշ քընքույշ մի ձենից։

(Երրորդ փերին)

«Իմ քույրերը,
Շուշանները,
Շըրթունքներով ձյունաթույր,
Զով, բուրավետ
Զեփյուռի հետ
Ուղարկել են ինձ համբույր.․.»

Մի այլ աղջիկ, բուսած մենակ սաղարթագեղ ծառի տակ,
Որպես մինը էն եդեմի շուշաններից ըսպիտակ։
290 Բոլոր ուժըս հավաքելով լեզվիս կապը խըզեցի,
Աղաչելով, աղերսելով հետը էսպես խոսեցի.
— Գթա՛, չըքնա՛ղ, ասա տեսնեմ, ո՞ւր եմ ընկել արդյոք ես,
Եվ ո՞վ եք դուք, որ տանջում եք անօրինակ ինձ էսպես։