Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/102

Այս էջը հաստատված է

շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։

«Արև շողցեր ա պայծառ,
Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,
Հրդկի վերև հավաքվեր՝
Կուճլվըլան մեր հավքեր,
Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

100