Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/103

Այս էջը հաստատված է
ԱԼԼԱՀԻՑ ՂՐԿՎԱԾ
(Մի հիշողություն թուրք-հայկական ընդհարումներից)

1905 թվի աշնանն էր, թուրք-հայկական ընդհարումների ամենակատաղի ժամանակը։ Ես իմ հայրենիքումն էի՝ Լոռու սարերում։ Մենք մի ժողով արինք ու որոշեցինք, թե՝ լոռեցիներս չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ, որովհետև եթե ուժեղ ենք՝ անխղճություն է դա, իսկ եթե թույլ ենք՝ հիմարություն է։ Բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և աշխատում ենք սերն ու խաղաղությունը պահել մեր սարերում ու ձորերում։

Բայց շուտով պարզվեց, որ սերն ու խաղաղությունը շատ են խրթին բառեր, և լավ չեն հասկանում ո՛չ հայը, ո՛չ թուրքը։ Մարդիկ գազան էին կտրել, թողնված էին իրենք իրենց, և ոչ միայն հայը թուրքին է ուտում, թուրքը՝ հային, այլև թուրքը՝ թուրքին, հայը՝ հային։ Եղբայրն եղբորը չէր խնայում, ընկերն՝ ընկերին, հարևանը՝ հարևանին, մեծը՝ փոքրին, զորեղը՝ տկարին։ Իհարկե, այս աշխարհքում անկարելի էր կատարյալ սեր ու խաղաղություն պահել։

Եվ ահա մի օր էլ տեղեկություն է գալիս, թե այսինչ տեղը մի քանի մահմեդական են սպանված։ Կենդանի մնացածները փախել են X կայարանը։

Մի խումբ ձիավորներով շտապում ենք X կայարանը։ Կայարանը գրեթե դատարկ է։ Գնացքների երթևեկությունը դադարած է, ծառայողներն ու առևտրականները ցրված։ Լոռու ձորերի երկարությամբ ոռնալով փչում է նոյեմբերի ցուրտ քամին։ Կայարանի առջև, ճանապարհի մեջտեղը կանգնած է մի մենակ մարդ։

101