Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/104

Այս էջը հաստատված է

 — Փախածներից մինն է,— բացատրում են կողքիս ձիավորները։

Դեռ բավական հեռու ենք։ Նա մեզ չի նկատել։ Երեսը հակառակ կողմը կանգնած է օտար, մենակ, դատարկ, ահռելի ձորում, թշնամու հողում։

Մի որոշ տարածության վրա կանգ առանք, իջանք ձիերից։ Ես դիմեցի դեպի նրան։ Շտապում եմ մի րոպե առաջ ուրախացնել նրան, թե ապահով է ու գտնվում է իր եղբայրների մեջ, ուզում եմ մի րոպե առաջ վայելել այդ վայրկյանի գերազանց հաճույքը։ Մեր ձիաներից մինը խրխնջաց։ Նա ետ նայեց, տեսավ զինված մարդկանց բազմությունը, տեսավ ինձ, որ գնում եմ ուղիղ իրեն վրա ու սարսափահար տեղիցը թռավ․․․ Թռավ, բայց ուր գնա․․․ Մտավ կայարանի դռան տակն ու կուչ եկավ։ Ես վազեցի։

— Մի՛ վախիր, մի՛ վախիր․․․

Բայց նա արդեն բառաչում էր՝ սարսափով լիքն աչքերը հառած երեսիս։

— Մի՛ վախիր․․․ ինչո՞ւ ես վախենում․․․ ամոթ չի՞․․․

Բայց նա իմ բառերը չէր էլ լսում, բառաչում էր ավելի զարհուրելի, և երբ իրեն հասա, անխուսափելի օրհասը տեսնելով առաջին, մի վայրկյան ուզեց մի բանով պաշտպանվել և, ասես թե հանկարծ հիշելով, ձեռքը տարածեց դեպի ջինջ կապույտ երկինքը ու սպառնալի աղաղակեց․

— Ալլա՛հ․․․

— Ալլահը կա, հապա՜․․․ Քանի որ նա կա՝ ընչի՞ց ես վախենում․ վե՛ր կաց։

Ձեռքը բռնեցի, նա վեր կացավ։ Ինձ թվաց, թե դեռ լավ չէր հավատում, և կարծես ստուգելու համար մին էլ ցույց տվեց երկինքը։

— Ալլահ վար․․․ (Աստված կա)։

— Մի՛ վախիր, արի՛, ինձ հետ արի։

Նա սառած, դողալով գալիս էր իմ կողքին։ Հանկարծ փղձկաց ու սկսեց լաց լինել։

— Ինչո՞ւ ես լաց լինում, ումի՞ց ես վախենում․․․ Դու մեր ղոնաղն ես․․․ մեր ախպերն ես․․․

102