Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/105

Այս էջը հաստատված է

 — Ախր չէ՞ որ ալլահ կա էնտեղ․․․

— Կա, կա․ մի՛ վախենար․․․

Ես նկատեցի, թե ինչպես ավելի սկսեց նա դողալ, երբ, մոտեցանք մեր ձիավորներին։ Երբ հասանք՝ նրանց էլ ցույց տվեց երկինքը։

— Ալլա՛հ․․․

Մի գյուղացի, որ ճանաչում էր սրան, առաջ եկավ․

— Բարով, Բայրամ,— ասավ ու սկսեց հանդիմանել։

— Այ մարդ, չես ամաչո՞ւմ, լաց ես ըլում։ Փառք աստծու, ազատվել ես, էլ ինչի՞ ես լաց ըլում․ ամոթ չի՞։

— Ձեզ ղուրբան, ես էլ ձեր ախպերն եմ․․․

— Իհարկե, մեր ախպերն ես․․․ Մի՛ վախենար, աղի հետ գնա։

Ես ներս տարա նրան այն սենյակը, որ պատրաստել էին ինձ համար, ասի, որ ոչ ոք ներս չմտնի, առանձին խոսելիք ունեմ հետը։

Տաք սենյակում վառարանի մեջ ճարճատում էր թեժ կրակը։

— Նստի՛, Բայրամ։

Նա նստեց կրակի դեմը՝ թախտի վրա։ Ես նկատեցի, թե ինչքան էր ուժասպառ եղած։ Ուզեցի հաց բերել տամ ուտի, արգելք եղավ։

— Երկու օր է հաց չեմ կերել, բայց իշտահ չունեմ իսկի․ շատ եմ բեզարած․․․ քունս է շատ տանում․․․

Եվ ընդարմացած թեքվում էր դեպի մութաքեն։

— Մարդը չի կարող իմանալ, թե ինչ կա իր առջևը պահված,— սկսեց խոսել ասես ինքն իր հետ։— Պարսկաստանի խորքից վեր կացա եկա աշխատանք անեմ, տանեմ քյուլփաթ պահեմ– էս պատահեց․․․

— Հանգստացի՛, Բայրամ, հանգստացի՛․․․

— Ամեն բան սուտ է, մենակ ալլահն է ճշմարիտ․․․

— Ճշմարիտ ես ասում։

— Ամենքս ալլահով մին ենք։

— Մին ենք,– կրկնեցի ես։

— Նա է քեզ ղրկել,— մրմնջաց վերջին անգամ։

103