Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/111

Այս էջը հաստատված է

է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։

— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։

— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։

— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։

— Բա իծի՞ն։

— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։

— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

— Գելը, երբ որ կուշտ է, շատ վախկոտ կենդանի է, աղա,— պատասխանեց քեռի Անդրիասը։— Բայց հիմի սկսվում է գիլի դժար ժամանակը։ Ձմեռը գալիս է, անտառի որսը դժվարանում է, ապրանքը սարից ցած է գալիս՝ տուն է մտնում։ Գիլի ապրուստը կտրվում է։ Սովը որ նեղացնի՝ գեղ էլ կմտնի, դեռ տուն էլ։ Սովի ձեռիցը ձմեռը գալիս է շեմքիցը շուն է տանում լափում։ Մուկն է որսում։ Ծառի փթռակ է ուտում, իր լակոտն է ուտում․․․ Դե, սովն է պատճառն, էլի, որ ձմեռը միանում են, բոլուկ (ոհմակ) են կազմում, որ ուժեղ լինեն, միասին հարձակվեն․․․

Ձմեռը դեռ էլի մեզանում, մեր սարերում, մեր անտառներում մի բան է ճարվում, նապաստակներ են կամ ուրիշ մանր-մունր կենդանիներ։ Վերջապես եղնիկների ու եղջերուների ետևից են ընկնում, քշում են դեպի սառած գետերը։ Տանում են սառույցի վրա ճղատում— ու վրա են հասնում խեղդում, ուտում։ Բայց էն ինչ դաշտ տեղերն են, որ դրանք էլ չկան, գելը սովից ավելի համարձակ ու վտանգավոր է դառնում։ Շատ անգամ կատաղում է։ Ու դաշտ տեղերը մարդկանց վրա էլ է հարձակվում ու վնասում։

— Տղեք, դե խոսքն էստեղ ինձ տվեք,— էն կողմից խոսեց շորագյալցի Ավոն և սկսեց իր պատմությունը։

— Մեզանում, դաշտ տեղերում, գելը շատ ավելի վտանգավոր

109