Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/115

Այս էջը հաստատված է

― Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր,– կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերին դուսը, ուր թափված էին մեր Ծիրան եզան ոսկորները։

Դեռ լուսը չէր բացվել։

Հեռվից լսվում էր գելերի ոռնոցը։


4

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,— բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Էդ ժամանակ, ասում են, գելերը իրենք էլ են իրարից վախենում։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս

113