Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/12

Այս էջը հաստատված է

― Լավ են, փառք աստծու։

― Նրանց տուն ենք գնում։

― Դու նրանց փեսեն ե՞ս։

― Հրամանք ես։

― Դու Գոքորն ե՞ս։

― Հրամանք ես։

― Այ տղա, էդ մեր Նազլուն ա՞։

― Հրամանք ես։

Խոսակցությունն այստեղ ընդհատեց Անդրին և լուռ հեռացավ. գնաց յուր ձին բերեց արձակեց գետափի խոտերում, մոտեցավ ճամփորդներին։

Առանց ձեռք տալու իրար բարևեցին և երեսները դեպի գետակի կողմը նստոտեցին երկու գյուղացիները։

― Բա դու ո՞վ ես, ամոթ չըլի հարցնելը,― դիմեց շիրակեցին։

― Որ ասեմ, կճանաչե՞ս։

― Բալքի ճանաչում եմ, ով գիտի։

― Ինձ մաճկալ Անդրի կասեն. ճանաչում ե՞ս։

― Չէ՛, ախպեր, սուտն ինչ ասեմ։

― Հա՜, տեսնում ես, չես ճանաչում,― հաղթական կերպով նկատեց Անդրին և ինքը հարցրեց.

― Բա ես որթնավեցի մի բարեկամ ունիմ, կճանաչե՞ս։

― Ո՞վ ա, հալբաթ որ կճանաչեմ։

― Ղադաքոնց Մկոյին կճանաչե՞ս։

― Լա՜վ։

― Ո՞նց ա։

Հանկարծ մթնեց շիրակեցու դեմքը, կարծես թե նեղացավ։

― Ռանչպարը, որ ուտելու հաց չունենա, ո՞նց կըլի,― ծանր հառաչելով խոսաց նա և հոնքերը կիտեց՝ անթարթ նայելով մի հեռու կետի։

― Ո՞նց թե… հա՞ց չկա Շորագյալ,― սարսափելով բացականչեց լոռեցին և սառած աչքերը սևեռեց Գոքորի դեմքին։ Նրա աչքերում այդ րոպեին տխուր փայլատակում էր նրա հոգին։

― Ո՞վ կտա,― սրտաբեկ ավելացրեց վերևից և կարճ լռությունից հետո ավելացրեց, առանց Անդրուն նայելու.

10