— Էնպես տերություն էլ կա,— շարունակեցի ես,— որ հաշվով գիտեն, թե քանի գել կա իրենց երկրում, չորսը թե հինգը․․․
— Էդ ի՞նչ բան է,— ավելի զարմացան գյուղացիները,— մեզանում իսկի մարդի հաշիվը գիտենք ոչ, նրանք գելն էլ են հաշվել։
— Որ ասում ես գելը վերջացնում են, ի՞նչպես են անում, վարժապետ,— հարցրեց մի ծերունի, որին Սահակ էին ասում։
— Զանազան միջոցներով, բի՛ձա Սահակ։ Ինչպես ասի՝ տերություններն առանձին վարձատրություն կամ պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար, որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան։ Մինչև անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են։ Էնպես երկիր էլ կա, օրինակ՝ Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել սպանողին, ժողովուրդն է վարձատրում։ Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու գեղեգեղ ման ածում, ապրանքատերերից փող է հավաքում։ Եվ ամենքն էլ ուրախությամբ տալիս են։
— Չէ՛ ես էդ չէի հարցնում, պարոն ջան, ես էն էի հարցնում՝ թե ընչո՞վ են սպանում, ինչպես են կոտորում։
— Հա՛, էդ ես հարցնում։ Ասեմ, բիձա Սահակ, էդ էլ ասեմ։ Իհարկե, հրացանով սպանելն ու թակարդով բռնելը արդեն դուք էլ գիտեք։ Բացի հրացանն ու թակարդը, էնպես տեղեր էլ կան, որ խորը փոսեր են փորում, օրինակ՝ մի սաժեն ու կես խորությամբ, մի սաժեն էլ լայնությամբ։ Երեսը ցախ ու մախով ծածկում են, վրեն միս են դնում, չորս կողմն էլ դեռ ցած ցանկապատում, որ գելը թռչի, հանկարծ ընկնի մեջը։ Սրանով, իհարկե, չի կարելի շատ բան անել։
Էնպես տեղ էլ կա, որ ամբողջ հասարակություններով հավաքվում են, գնում են շրջապատում անտառի որոշ մասերը։ Որսկանները հրացանները ձեռներին պատրաստի երեք կողմը կտրում են, իսկ չորրորդ կողմից մի բազմություն անտառն է մտնում ու հրացան արձակելով, աղմուկով, հարայ-հրոցով, շանով-բանով գազաններին քշում, բերում գցում որսկանների բերանը։ Էս էլ անտառոտ տեղերն է լինում, ու էս միջոցն