Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/126

Այս էջը հաստատված է


էլ չի մեծ արդյունք տալիս։ Պատահում է, որ ահագին աղմուկից հետո մեջտեղը մի կամ երկու նապաստակ են հայտնվում, կամ պատահում է, որ դուրս եկող գազանները անվնաս էլ փախչում, ազատվում են։ Շատ քիչ են սպանվում։

Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում։ Ձիով ընկնում են գիլի ետևից։ Ծնկահար ձյունի մեջ թաղվելով՝ գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում է։ Ետևիցը հասնում են՝ հենց տեղնուտեղը դագանակով սպանում։ Բայց ամենից շատ գիլին կոտորում են թույնով։ Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վրեն քաշում ու տանում, գիշերը հանդերում վեր գցում։ Սոված գելեր— գալիս են ուտում ու տեղնուտեղը կոտորվում։


9

— Վարժապետ, ճշմարիտ է, գելը գազան է ու մարդուն էլ շատ է վնաս տալիս, միայն էդ որ պատմեցիր, ախպեր, ինչ թաքցնեմ, մեղքս եկավ,– խոսեց ծերունի Սահակը։

— Հետո՞, գիլին մեղք կգա՞ն որ, Սահակ բիձա,— ձեն տվեց մի հովիվ։

— Ընչի՞, գելը շունչ կենդանի չի՞,— սկսեց վիճել Սահակ բիձեն։

— Գելն ի՞նչ է որ, մեր շան պես անասուն է, էլի,— խոսքն առավ քեռի Անդրիասը։ — Ուղիղ շան պես։ Որ էն շունն էլ չոլերը գցես, անտեր, սոված թողնես, հալածես, կվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի։ Ինչպես որ էն սոված, վայրենի գելն էլ, որ բերես կուշտ պահես, պահպանես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան պես տանու կենդանի։

— Հետո՞ գելը տանու կլինի՞ որ, քեռի Անդրիաս։

— Լա՜վ։ Շատ է պատահել։ Գիլի ճուտը բռնի բեր տանու արա, տես կլինի, թե չէ։

— Հապա ինչո՞ւ է ասած՝ գելն ինչքան էլ տանու անես, էլի աչքն անտառումը կլինի։

— Էդ էլ է ճշմարիտ։ Մի սերնդի, երկու սերնդի աչքն անտառումը

124