Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/127

Այս էջը հաստատված է

կլինի, բայց կամաց-կամաց անտառը կմոռանա, կդառնա տանու կենդանի շան նման։ Եվ հենց ինքն էլ շան ցեղից է, էլի։ Գելն էլ կազմված է էնպես, ինչպես շունը։ Գելն էլ շան պես տարին մի անգամ 3—10, բայց սովորաբար 4—6 ձագ է ծնում, ու ինչպես շունն իրեն համար բուն է փորում կամ մի անկյուն է գտնում ու էնտեղ ծնում ու մեծացնում ձագերը, էնպես էլ՝ գելը։ Կամ գետնում բուն է փորում, էնտեղ ծնում ու մեծացնում իր ձագերը կամ ընկած ծառի փչակում, կամ մերում, կամ հենց ծմակի խիտ տեղերը, թավուտում։ Նա էլ է էնպես սիրում իր ձագերին, ինչպես ամեն մի ծնող կենդանի։ Մի վտանգի հոտ առնելիս բերանով շատ զգույշ ու քնքուշ իրենց տեղից տանում է ավելի ապահով տեղ։ Եվ երբեք իր բնի մոտերքում որս չի անիլ ու վնաս չի տալ, որ կասկած չբերի էդ տեղի վրա։

Գիլի էգն էլ, ինչպես շանը, ավելի քնքուշ է, դունչն ավելի սուր ու պոչն ավելի բարակ։ Գելն էլ, պատահում է, որ նույնպես կատաղում է, ինչպես շունը։ Եվ կատաղած գիլից շատ են վախենում ու սարսափով հեռու են փախչում բոլոր վայրենի կենդանիները։

Վերջապես, գելն էլ շան պես 12—15 տարի է ապրում։ Ավելի երկար շատ քչերն են ապրում, ինչպես և շների մեջ։

Մի խոսքով, միևնույն կենդանիներն են․ մինը՝ խնամքի տակ ու կուշտ, մյուսը՝ վայրենի, հալածված ու սոված։ Իսկ սովը․․․ Սովն ինչ ասես կանի, ձեզ մատաղ։ Սովը մարդին էլ կդարձնի սարսափելի, ուր մնաց էն անտառի գիլին,— խոսքը վերջացրեց քեռի Անդրիասը։

— Ճշմարիտ ես ասում, քեռի Անդրիաս,— ասացի ես։— Մեզանում սովորություն չկա, միայն լուսավոր երկիրներում շատ է պատահում, որ մարդիկ վայրենի անասուններին ու գազաններին բռնում են, բերում են տանու անեն, փորձում են, վարժեցնում են, բան են սովորեցնում։ Մինը երկու գիլի ճուտ էր բռնել բերել տանը պահել։ Կարճ ժամանակում էնքան էին ընտանիացել, որ ազատ տան մեջը ամենքի հետ էլ խաղ էին անում ու շան հետ միասին միևնույն բնումը քնում։ Մի քանի ժամանակից ետը մինը սատկում է։ Ասում է՝ մենակ մնացածը քանի ժամանակ էր էլ ոչ խաղ էր անում, ոչ

125