Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/13

Այս էջը հաստատված է

- Հրես, կնիկս, երեխերքս հավաքել եմ, գամ անորս մոտ էս մի երկու ամիսն անցկացնեմ․․․ մինչև տեսնենք՝ աստոծ ինչ դուռը բաց կանի։

Անդրին չլսեց. նա դեռ ապշած <նայում> էր Գոքորի դեմքին. «Վեր կենամ սրան սպանեմ, կտոր-կտոր անեմ, - անցնում էր նրա մտքովը,- ո՞նց անեմ, որ սիրտս հովանա․․․ սա էս ինչ ասաց»։

- Էդ ի՞նչ ասեցիր, վա՜յ քու մեջքը կոտրի,- հանկարծ արթնածի նման գոչեց Անդրին,- ախր էդ ոնց էլավ։

- Էլավ, էլի, չորայինից հացը նվազ եկավ, էլած չելածն էլ ինչ մուշտարի եկավ ծախեցինք․․․ ձմեռն էլ մեր քոռ բախտիցը երկարեց․․․ մնացինք ձեռներուս ծոցներիս նստած․․․ սատանի ծնունդները հոտիցն իմանում են, որ սով պետքա ընկնի, գալիս են լավ գին տալիս՝ տաշտի հացն էլ տանում․․․ մենք էլ փողին թամահ ենք անում․․․ ա՜յ, շատ լավ էլա՜վ, մեր հախն ա․․․ թող հմի սոված կոտորվենք,- և երկուսն էլ լռեցին։

Այդ մի դառն ու ծանր լռություն էր. և հուսահատությունը կամաց մոտենում էր նրանց սրտերին։

Հեշտ հուսահատվող մարդ չէր գյուղացին։ Նա լուռ ու մունջ գերի է կյանքի պատահմունքների և մշտապատրաստ զոհ բնության պատահարների.- մի ախտ հանկարծ կոտորում է նրա անասունը, կարկուտն է տանում արտը, մի արտասովոր շփոթ խլում նրա աշխատանքի ժամանակն ու արդյունքը․․․ նա իրան սիրտ տալով կրկին նորոգում է յուր արորն ու գութանը և կրկին մտածում է ապրելու մասին։ Ապրում է բոլոր տարին ցամաք հաց ուտելով, և այդ ցամաք հացն էլ հանկարծ կտըրվում է։

- Բա հմի դու ո՞ւր ես գնում,- փորն ընկած ձայնով հարցրեց Անդրին։

- Ասեցի անորանցս տունն, է՞լի,- նույպիսի ձայնով պատասխանեց Գոքորը։

- Ո՞ւր ես գնում․․․ աներդ խանը ձեռին դռնեդուռ ընկած, ալիր չի գտնում․․․ մեր կողմերը սով ա, սո՛վ․․․

Կամա՜ց․․․ կիմանա,- դեպի կինն ակնարկելով ահով շշնջաց շիրակեցին և էլ ոչինչ չխոսաց։
11