Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/133

Այս էջը հաստատված է

իջեցնում է, կպցնում է մարմնին, թևի ձենը խլանում է, էնպես, ինչպես եթե մատդ սեղմես զրնգող ամանին, ձենը խլանա։ Եվ նայած, թե որ կողմից ու ինչպես է թևը սեղմում, նրա համեմատ էլ մին թույլ է գալիս ճռռոցի ձենը, մին ուժեղ, մին զվարթ, մին ճնշված, մին էս կողմից, մին էն։

Դրա համար էլ ձենը լսում եք, բայց չեք կարողանում նրան գտնել։

Նրան գտնելու համար պիտի գտնեք նրա բունը։ Գրեթե միշտ իր բնումն է կամ բնի առաջը ու չի հեռանում։

Ահա, տեսե՛ք բնից դուրս հանած նրա սև գլուխը․ դեսուդեն է շարժում երկար շոշափուկները, որ մենք բեղեր ենք ասում։ Իմացավ՝ մոտենում ենք— շտապով ետ-ետ գնաց, ներս մտավ, թաքնվեց։ Էլ դուրս չի գալ։ Բայց ես գիտեմ նրան դուրս բերելու ձևը։ Էսպես դեպքերում, երեխա ժամանակ, չոփ էինք առնում, կոխում ծղրիդի՝ մատնաչափ երկարություն ունեցող բունը, խառնում ու ետ հանում։ Էլ չէինք իմանում, զարմացած, թե զարհուրած՝ ծղրիդը շշկլած դուրս է գալիս ու դես-դեն ընկնում։ Իսկ եթե նորից ներս էր մտնում կամ իսկի դուրս չէր գալիս, ավելի հիմնավոր բան գիտեինք՝ ջուր էինք լցնում նրա փոքրիկ բունը կամ տունը։ Էս անգամ արդեն ուզեր-չուզեր մեր երգիչը դուրս էր գալիս արևի տակ։

Տունը ջրով լցվեց։

Տուն որ ասում եմ— հանաք չիմանաք։ Ես չեմ եղել նրա տանը, բայց հայտնի միջատագետների ասելով, ծղրիդի տունը թե մաքրության, թե գեղեցկության և թե առողջապահության կողմից ավելի լավն է ու հարմար, քան մարդկանցից շատ-շատերի տները։

Տեղն ընտրում է արեգունի ու ջրփախ մի կանաչ տեղ․ արևոտ, առողջ ու դիրքը գեղեցիկ։ Բնի մուտքի վրա սովորաբար կախված է լինում մի փունջ խոտ կամ ծաղիկ, որ համ դուռը ծածկի չար աչքերից, համ հովանի լինի շոգի դեմ։ Մուտքի առաջ փոքրիկ ավլած բակը։

Ինչպես մուտքը, էնպես էլ ներսը՝ սենյակը, պարզ, մաքուր ու չոր։ Իսկ ներսի սենյակի պատերը կոկ ու հղկած,

129