Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/134

Այս էջը հաստատված է

դեռ սենյակում էլ պահարան։ Ու միշտ էլ, քանի կենդանի է ու ապրում է իր բնում, աշխատում է ավելի ու ավելի գեղեցկացնի, կատարելագործի։ Եվ իր ցեղակից ուղղաթևների մեջ մենակ ինքն է, որ էսպես բուն է շինում իր համար։ Նստակյաց կյանքի, մշտական բնակության համար։ Համ բակ, համ նախասենյակ, համ սենյակ, համ պահարան։

Ասացեք խնդրեմ, ի՞նչով է տանից պակաս։ Ինքն էլ համ հիանալի նվագում է, համ էսպես տուն է շինում․ ինչո՞վ է մարդուց պակաս։ Գլխին էլ որ լավ մտիկ անեք, պառավ մարդի գլխի նման է։ Երևի էդ շնորհքի ու էդ գլխի պատճառով էս տեսակ մի ավանդություն էլ կա։ Ասում է․ «Ծղրիդը մի ժամանակով մարդ է եղել։ Շատ ուրախ ու կյանքը սիրող մարդ է եղել։ Աստծուն խնդրել է, որ իրեն հավիտենական կյանք տա, բայց մոռացել է հավիտենական կյանք խնդրելիս էն էլ խնդրի, որ միշտ ջահել մնա։ Աստված նրա կիսատ խնդիրքը կատարել Է։ Էս մարդն ապրել է, ծերացել, թերացել, էնքան է ծերացել, կորացել, չորացել ու կուչ եկել, փոքրացել, որ վերջը ծղրիդ է դարձել»։

Ինչպես բոլոր արտիստ մարդիկ, ծղրիդն էլ ատում է ամբոխը և սիրում է մենակությունը։ Մենակ ապրում է իր գեղեցիկ տանը և շատ էլ ծույլ է, ինչպես առհասարակ երգիչները։ Մայիսը գալիս է թե չէ՝ տուն ու տեղը սարքում է թե չէ, սկսում է երգել։ Եվ միշտ իր շեմքում։ Իրիկնապահերին դուրս է գալիս վերջալուսի դիմաց կամ խաղաղ լուսնյակ գիշերները լուսնի լուսի տակ, իր մաքուր շեմքում նվագում կամ, ինչպես ընդունված է ասել, երգում― ճը՜ռռ․․․ ճը՜ռռ․․․

Սկզբում երգում է իրեն համար, փառաբանում է գարնան գիշերների գեղեցկությունը, նոր կյանքի քաղցրությունը։ Մի քիչ հետո սկսում է սեր երգել ու քնքշալով կանչել իր գրկից հարևանուհուն՝ տան առջևը կախած ծաղկի կամ խոտի փնչի տակ գտնվող մաքուր բակում լուսնյակի լուսի տակ ժամանակ անցկացնելու։

Հարևանուհին երգել չգիտի ու երբեք չի երգում, սակայն սիրում է երգը, մանավանդ, երբ երգում իրեն են գովում ու

130