Հիմի դուք նայեցեք մուրացկանի շանը։
Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է․ ասում է՝ կառքում, դիլիժանսում, նստած էի, մի շուն մոտեցավ՝ թաթերը բարձրացրեց դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս։ Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ,— «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարոն, տեսեք ինչ է անում»։
Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ, վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել։ Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր։
Հիմի էլ մի ուրիշ շուն։
Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը։ Նրանք առհասարակ խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց։ Ահա էս տեսակ մարդկանցից մեկը, կոմս Բոասիե (Անդրեչի) 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը Պլուտոն։ Շատ էլ սիրում էր։ Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի հյուրերը միշտ վտանգի մեջ էին։ Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել․— Պլուտոն, ահա էսինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես՝ Պլուտոնին ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ելումուտք ունենալ կոմսի տանը։ Ճիշտ իր տիրոջ նման։
Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում։ Ասում է՝ մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին նստած ներկա էր լինում անդամահատություններին։ Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս, չէի նկատել, թե շունս ետ է մնացել, հանկարծ դուռն ամուր զարկեցի, ու շանս թաթը մնաց դռան տակը։ Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ, կաղին տալով վազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ։ Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ
140