Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/150

Այս էջը հաստատված է

 Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։