— Ոչ ոք չտեսավ, թե ինչպես ծնվեց փոքրիկ մժղուկը։ Գարնան մի արև օր էր։ Աչքը բաց արավ, նայեց չորս կողմը ու կանչեց.
— Ի՜նչ լավ է։
Մին էլ ոտիկներն իրար քսեց ու թռավ։ Թռչում է և ուրախանում ամեն բանով։ Իսկ ներքևում խոտը կանաչին է տալի, և խոտի մեջ թաքնված մի կակաչ ժպտում է ու ժպտում։
— Ինձ մոտ արի, մժեղ,— կանչում է ծաղիկը։
Մժղուկը իջավ ծաղկի վրա, ծծեց նրա հյութն ու ասավ.
— Ի՜նչ լավ է, և էս բոլորն իմն է։
Բայց դեռ խոսքը բերանումն էր, որ բռռացնելով եկավ բրդոտ բոռը։
— Բը՜ռռ․․․ էդ ո՞վ է նստեղ իմ ծաղկի վրա, բը՜ռռ․․․ ո՞վ է խմում իմ քաղցր հյութը, բը՜ռռ․․․ Դե՛նը կորի, անպիտան մժղուկ։
— Սպասի՛, է՞ս ինչ բան է,— տզտզաց մժղուկը,— չէ՞ որ էս բոլորն իմն է։
— Բը՜րռ․․․ չէ՛, իմն է։
Մժղուկը ոտները զոռով ազատեց կատաղի բոռից։ Նստեց խոտի վրա, լիզում էր ծաղկի հյութով թաթախված ոտիկները ու բարկացած խոսում.