Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/152

Այս էջը հաստատված է

― Ի՜նչ կոպիտ է էդ բոռը, չէ՞ որ էդ բոլորն իմն է, արև՛ն էլ, խո՛տն էլ, ծաղի՛կն էլ։

— Ո՛չ, ներեցեք, ի՛մն է,— խոսեց բրդոտ ճիճուն, որ բարձրանում էր խոտի ցողունի վրա։

Մժղուկը գլխի ընկավ, որ ճիճուն թռչել չգիտի, համարձակ ձայնը բարձրացրեց։

— Ներողությո՜ւն, բարեկամ, սխալվում ես, բոլորն իմն է, բայց ես հո՛ չե՜մ արգելում քեզ։

— Լա՛վ, լա՛վ, մտի՛կ արա, որ իմ խոտին չդիպչես․ ձեզանից էստեղ էնքան թռչում են որ․․․ Դուք թեթևամիտ ժողովուրդ եք, իսկ ես ծանր ճիճու։ Դե՛, հայդե՛, գնաս բարով։

3

Մժղուկը թողեց ու թռավ հեռու, տեսավ ջուր։

— Էս հո իմն է ու իմը, իմ ջուրը։ Ա՜խ, ի՜նչ լավն է․ էստեղ խոտ էլ կա, ծաղիկ էլ կա։

Եվ ահա թռչում գալիս են ուրիշ մժղուկներ էլ։

— Բարի օր, քո՛ւրիկ։

— Աստծու բարին ձեզ, քո՛ւրիկներ։ Էդ ո՞ւր եք թռչում։

― Խաղ ենք անում, դու էլ արի մեզ հետ։ Էնպես ուրախանո՜մ ենք։

Ու գնացին։ Խաղում էին ջրի վրա, պտտվում ու թռչկոտում։

Հանկարծ, պը՜ժժ, ոնց որ մինը մի քար գցի, ճնճղուկն ընկավ մժեղների մեջ։

— Վա՜յ, վա՜յ,— ժվժվացին բոլորն ու ցրվեցին դես ու դեն։

Մին էլ երբ ուշքի եկան, տեսան շատերն էին պակասել։

— Ա՜խ, անպիտան,— հայհոյում էին ծեր մժեղները,― ամբողջ տասը հոգի փչացրեց։

— Վա՜հ, ամբողջ տա՞սը հոգի, էս հո բոռից էլ անց կացավ։

148