Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/156

Այս էջը հաստատված է

խոսք պետք է լինի։ Ով չի ուզում թող նա չլսի, իսկ ով լսում է՝ չընդհատի։

— Իմ բարեկամ Մյունխհաուզենը մեռած է վաղուց, բայց էս րոպեին էլ կարծես աչքիս առաջն է նրա բարձր ու մի քիչ կորացած հասակը, միշտ ուժեղ ու առողջ։

Նա հայտնի էր ինչպես լավ պատմող։ Զարմանալի պատմություններ էր անում, բայց ինչ էլ որ պատմում էր, բոլորը թվում էր և՛ կարելի, և՛ հավանական։

Իհարկե, նրա նման ես չեմ կարող պատմել, բայց նրա անունից կպատմեմ, որ ավելի կենդանի դուրս գա պատմությունս։

Էստեղ պապս հազաց, կոկորդը մաքրեց ու սկսեց, իբրև թե բարոն Մյունխհաուզենն է ինքը։

— Իմ թանկագին հյուրեր, բարեկամներ ու ընկերներ։ Էսօր ես ձեզ մի բան պետք է պատմեմ վաղուց ինձ հետ պատահած արկածներից։ Էն ժամանակ ես դեռ քսանհինգ տարեկան երիտասարդ էի, առողջ, ջահել, բարձրահասակ։

Մի անգամ, ինչպես եղավ, որսի գնացի ու ամբողջ երեք օր առանց հանգստանալու ման եկա։ Ճշմարիտ է, խուրջինս որսով լիքը վերադարձա, բայց էնքան էի հոգնել, որ հազիվ էի կենում թամբի մեջ։

Իմ նժույգ Այաքսն էլ նույնպես հազիվ էր ոտները փոխում։ Ես թամբի միջին ննջում էի։ Այաքսն էլ, տեսնելով, որ սանձը թողած է, մեծ ճամփից դուրս է գալի, ընկնում մի նեղ շավիղ, մի երկու վերստ գնում ու կանգնում։ Զարթնում եմ, աչքերս տրորում, չորս կողմս մտիկ եմ անում ու տեսնեմ՝ կանգնած ենք մի ահագին ճահճի եզերքին։

Դե, հիմի արի ետ դառ։

Չէ՛, ինչ ուզում է լինի՝ ետ չեմ դառնալ, անց եմ կենալու։ Վճռեցի ու ասպանդակեցի իմ Այաքսին։ Այաքսը ծառս եղավ, ամբողջ թափով թռավ ու, մին էլ տեսնեմ՝ մենք ճահճի վերև կախված ենք օդում։ Հենց էդ րոպեին միտս ընկավ, որ Այաքսը շատ է հոգնած։ Էդ օրը մենք 25 թե 30 նապաստակի ետևից ենք ընկել ու բռնել… Էլ երկար միտք չարի, օդի մեջ ձիուս գլուխը շուռ տվի ու, հո՛պ, դարձյալ կանգնեցինք

152