դրության մեջ էլ հնարը գտնում է։ Միտս ընկավ, թե ինչպես մի քիչ առաջ ճակատս, որ դռան շեմքափետին զարկեցի, աչքերիցս կայծեր դուրս թռան, ու իսկույն օգտվեցի իմ էդ նոր գյուտից։ Հրացանիս ոտը վեր քաշեցի, վառոդը բաց արի, հրացանը երեսս կալա, որքան ուժ ունեի՝ շրը՜խկ, զարկեցի ճակատիս… Իսկույն աչքերիցս կայծեր դուրս թռան, մի քանիսն ընկան վառոդի վրա ու, տրա՜ք, հրացանը բացվեց։ Գնամ տեսնեմ՝ մի տասը բադ մնացել են տեղնուտեղը…
Մի անգամ էլ, հիմի դաշտ եմ դուրս եկել, որ նոր հրացանս փորձեմ։ Շատ որս պատահեց, ինչ գնդակ ունեի, բոլորն արձակեցի։ Մին էլ հանկարծ տեսնեմ՝ կաքավի մի ամբողջ երամ։ Ախորժակս բացվեց։ Ասի՝ ինչ ուզում է լինի, ընթրիքի համար մի քանիսը պետք է զարկեմ։ Բայց ի՞նչով զարկես․ ոչ մի հատ գնդակ չի մնացել։ Ա՛յ քեզ փորձանք։ Էստեղ գլխումս մի հրաշալի միտք ծագեց։ Իսկույն հրացանս լցրի ու գնդակի տեղ շամփուրը դրի մեջը։ Նշան դրի օդում թռչող կաքավներին, հրացանը բացվեց, շամփուրը կայծակի արագությամբ սլացավ, յոթը հատ կաքավ շամփրեց ու ընկավ ներքև։ Հենց էնպես ուսիս դրի, եկա տուն։
Բայց էս դեռ ոչինչ։
Մի անգամ Լիֆլանդիայում որսի էի ման գալի, ճամփին մի մեխ գտա։ Հրացանն ուսիս, էդ մեխն էլ ձեռիս, մտքիս ետևից ընկած, հանգիստ գնում եմ անտառում։ Մին էլ տեսնեմ, մի քանի քայլ հեռու մի թուխ, թավամազ աղվես, մի չամի ծառի տակ մտած՝ քիթը վեր է քաշել ու օդի մեջ հոտոտում է։
Կողքիս թփի տակը մտա, նշան դրի, որ զարկեմ, հանկարծ հիշեցի, որ մի քանի օր առաջ էլ կոտորակի զարկով մի հիանալի աղվեսի մորթի փչացրի։ Չէ, ափսոս է էս տեսակ մորթին փչացնեմ, պետք է մի ուրիշ միջոց գտնել։ Աչքս ընկավ մեխի վրա։ Եվ ահա՝ ինչ միջոց։ Գնդակը հանեցի, մեխը դրի հրացանի մեջ, արձակեցի, աղվեսը մնաց տեղը։ Գնամ տեսնեմ տեղնուտեղը մեխել եմ ծառին։ Դնչի մորթին խաչաձև կտրեցի, մի ճիպոտ առա ու սկսեցի սրան թխել, ոնց որ գիտես։ Սա էնպես իրեն կորցրեց, որ իր մորթուցը դուրս պրծավ ու, հայդե՜, փախա՜վ…
154