Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։
Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։
Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։
Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։
Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։
Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։
158