Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։ Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը
160