Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/170

Այս էջը հաստատված է

ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը.

— Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․