— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։
Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։
— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։
Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։
— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։
Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։
Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։
Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։
Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։
Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։ — Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․