Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/178

Այս էջը հաստատված է

 — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։ — Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է,

172