Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/19

Այս էջը հաստատված է

II

Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի։ Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացած է՝ հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմից խոր ձորերով։

Նրա հանդի սահմանները հարավից սկսվում են հովասուն, բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով։ Նրա հարավային սահմանում՝ Քոշաքարի ժեռուտ կատարին, թռչկոտում է քոշը և բուսնում ղանձիլ, իսկ հյուսիսում՝ Ձաղի ձորում, ապրում է կարիճ և հասնում խաղող։

Այս երկու սահմանների մեջ կան թանձրախիտ, կուսական անտառներ, որ կացնի ձայն չեն լսած, ուր ծառերի փչակներում բուն է դնում մեղուն, թալաներում ապահով վխտում են երեները, մոռուտներում ինքնիշխան թագավորում է արջը, և շամբուտներում հանգիստ ապրում է վարազը։ Կան ժայռեր, ուր բուն է դնում արծիվը և թռչկոտում այծյամը…

Բայց մենակ հրաշալի բնության համար չեն խելոք ճանապարհորդներն այս գյուղը կոչել «փոքրիկ Զեյթուն», կամ դիրքի ամրությունը չէր պատճառը, որ թշնամու ոտքը չէր ծեծում այստեղ։

Հին ժամանակներից ի վեր Դսեղը պարծեցել է յուր քաջերով։ Առած է դարձել, թե «Դսեղա իգիթների անունը Դաղստան է հասել»։

Դսեղա ձորերը լիքն են ավերակ տնակներով։ Այդ բոլորը ժամանակավոր բնակարան ու օթևան են եղել զանազան տեղերի ժողովուրդների, որ ահ ու փախի ժամանակ ապաստանել են այս տեղերը, մինչև անցել է երկյուղն ու թշնամին։

Այս այն Դսեղն է, որ մեծազոր Մամիկոնյանները, Արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն–մենակ հաղթանակներով ճակատ-ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած, X դարում թողին իրանց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ։

Դեռ մնում են նրանց շիրիմները, նրանց կանգնած խաչարձաններն ու մատուռները, դեռ մնում է նրանց կառուցած

17