Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․
-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։
- Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
- Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
- Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
- Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։
Համաձայնում են, հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։
- Ո՞վ է։
188