Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/197

Այս էջը հաստատված է
ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

- Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

- Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

- Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

- Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

- Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

- Մոզին ուզում ե՞ս։

- Ե՜ս․․․

191