Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/203

Այս էջը հաստատված է
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

- Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

- Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

- Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․

197