Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/208

Այս էջը հաստատված է
ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸ

Ժամանակով լինում են, չեն լինում՝ մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսի կտոր, անունն էլ Լուսիկ։

Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։

Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը՝ միրգ, մի ուրիշ անգամ՝ հագուստ։

Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից։

Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։

Մտածում է, մտածում է, մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով է տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։

Որ տեսնում է՝ մարդը գալիս է, սկսում է լաց լինել։

- Ա՛յ,— ասում է,- էս էլ քու սիրած քույրը, տանը ինչ ունեինք֊չունեինք՝ ջարդեց։

- Բան չկա, ա՛յ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։

Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ։ Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին՝ կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։

- Ա՛յ,- ասում է,-էս էլ քու սիրած քույրը, քու էն լավ