Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/211

Այս էջը հաստատված է

 Խելոք մարդիկ ասում են․

- Մարդ ու կնկա բախտը որ կա՝ սրտիցն է։ Ձեր տղի բախտն էլ, երևի, էդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան։ Աստված դրանց համար էլ էդպես է բարի տեսել։

Էս որ լսում են, հերն ու մերն էլ համաձայնում են, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տղեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ։

Միառժամանակ անց է կենում, էս թագավորի տղեն գնում է հեռու երկիր։ Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի, իրեն տեղեկություն գրեն։ Պատվիրում է ու գնում։

Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն, շարմաղ, ոսկեգանգուր տղա է ծնում։

Թագավորն ու թագուհին էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում։ Աչքալուս են գրում, նամակը տալիս են սուրհանդակին, ուղարկում են։ Դու մի ասիլ, էս նամակ տանողը գնում է, ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ։ Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե՝ հապա՜, էսպես-էսպես մի բան է պատահել, ու հիմի աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին։

Չար հարսը էստեղ գլխի է ընկնում բանը։ Գիշերվա մի ժամանակը վեր է կենում, էս մարդի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ հապա չես ասիլ, քու գնալուց ետը կինդ ծնեց, մի շան լակոտ բերա՜վ․․․ Էսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ․ հիմի քեզ իմացնում ենք․ գրի, ինչ անենք, ինչ չանենք։

Սուրհանդակը էս նամակը տանում է տալի թագավորի տղին։ Կարդում է թագավորի տղեն ու շա՜տ-շա՜տ վշտանում։ Հորն ու մորը նամակ է գրում, թե՝ իմ բախտն էլ երևի էդ է եղել, ինչ որ աստված տվել է, իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ։

Գրում է, նամակը տալի սուրհանդակին, ետ ղրկում։ Էս սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատունը ու էլի գիշերը մնում է նրանց մոտ։