Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/212

Այս էջը հաստատված է

Չար հարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում, սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շան լակոտը դոշիցը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ՝ ինձ մի փորձանքի կտամ։

Հերն ու մերը էս նամակը որ ստանում են, մնում են զարմացած։ Ասում են․

- Էս ի՞նչ բան է․ ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե՝ դուրս արեք․․․

Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր՝ պետք է կատարեին։

Բերում են, երեխեն կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են անում։

Երեխեն դոշիցը կապած՝ Լուսիկը գնում է լալով։ Անց է կենում խոր ձորեր, մութ անտառներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր, ամայի անապատ։

Էս անապատում ծարավ, ջրչոր՝ գնում է․ շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչն էլ աստված գիտի, հասնում է մի ջրհորի։ Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է։ Կռանում է թե ջուր խմի, երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում։ Հանկարծ ետևից մի ձեն է գալի․

- Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՛ վախիլ, հա՛նի․․․

Ետ է նայում, տեսնում՝ սիպտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է․

- Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։

- Հա՛նի, հա՛նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի․․․

Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է՝ ծերունի չկա, աներևութացել է։

Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք։ Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը։

Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է ու էլ տուն չի մտնում, դռնիցը ետ է դառնում,