Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/213

Այս էջը հաստատված է

գնում է աշխարհքեաշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի։

Գնում է ման է գալի, էս կողմը՝ հարցուփորձ, էն կողմը՝ հարցուփորձ, մի տեղ պատահում է մի մարդու։

- Բարի օր։

- Աստծու բարին։

- Ո՞ւր, առաջ բարի։

- Իմ քրոջն եմ ման գալի։

- Դե մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան ու երեխիս եմ ման գալի։

Ընկերանում են, գնում են ման գալի, մի տարի, երկու տարի, երեք տարի, ո՛չ տեղն են իմանում, ո՛չ տեղեկությունը։ Վերջը գալիս էս թագավորի տղեն մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տունուտեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան։

Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։

Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է․

- Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին։ Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են․ հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա։

Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե՝ մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք։

Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է․

- Քուններս չի տանում, քուրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անց կենա։

- Ես ո՛չ հեքիաթ գիտեմ, ո՛չ առակ,- պատասխանում է աղքատը,— ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեցեք։

- Լավ, էդ պատմի։

Ու աղքատ կինը սկսում է պատմել։