Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/215

Այս էջը հաստատված է

Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։

Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե՝ քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել․․․

- Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա,- կատաղում է տանտիկինը։

- Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես՝ ինչ պատմություն է անում,- խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։

Աղքատը շարունակում է․

- Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե՝ նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը։ Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են ցավում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած էր․ երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում։

- Էս ո՞րտեղից եկավ էս շունը,- աղաղակում է տանտիկինը։

- Բավական էր,- գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն։- Պատմի, քույրիկ, հետո՞․․․ հետո՞․․․

Աղքատը շարունակում է․

- Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է՝ ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում․․․

- Սուտ է ասում,- գոչում է տանտիկինը։ Իսկ մարդն

209