Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/225

Այս էջը հաստատված է

 - Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

- Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

- Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

- Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

- Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

- Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

- Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

- Բարի օր, ախպերացու։

- Աստծու բարին։

- Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

- Անց կացավ։

- Ի՞նչ ուներ շալակին։

- Եղ ու բրինձ։

- Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

- Բավականին ժամանակ կլինի։

- Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

- Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

- Բա ի՞նչպես անեմ։

- Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

219