Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/23

Այս էջը հաստատված է

դիմացը, մի բարձր խոտի չարդախի աջի ծայրին ամրացրեց մի ընկույզ։

Ժողովուրդը հավաքվել, դուռն ու կտուր բռնել, թամաշավոր էր կանգնել։

Դուրս եկան տանից հրացանավորները, և արծաթաբանդ հրացանները փայլատակեցին արևի շողերից։

— Էդ ինչ եքքա (ահագին) նշան ես դրել, է՛յ Ղազո, քարով տալու համար խո չի…,— զվարճախոսելով ու նշանն արհամարհելով առաջ անցավ ծերունի Մեհրաբը։ Բոլորը հանկարծ լռեցին, ծիծաղ ու աղմուկ դադարեց, շունչները պահած ընկույզին էին նայում։

Հրացանը որոտաց, ընկույզը կորավ։

— Ո՞նց էր,— կրծքին զարկելով ետ դարձավ ծերունին,— չըլնի թե միրքիս եք մտիկ անում, էս շատ մածուն ուտելուցն ա սիպտակել, բա՛ս դուք ի՞նչ եք մտածում… դե՛հ, առաջ արի մի հունարդ տեսնեմ, հենց արա չամաչես իմ ծերությունից,— և հրացանը տվեց Աղասուն։

Նորից բարձրացավ Ղազոն, նոր նշան դրեց, բայց դեռ չէր իջել աջից, որ Աղասու գնդակը նշանը թռցրեց։

Այդպես և մյուսները։

— Էդ չելավ, ես դրան թվանք չեմ գցիլ… տարեք հեռու մի խանչալ տնկեցեք, կողքին էլ մի հաստ տախտակ, որ գյուլլեն պահի։ Նշան դնենք խանչալի սուր բերանին, էնպես, որ գյուլլեն երկու հավասար մասի բաժանվի, եթե մի մասը մյուսից ծանր էլավ, կնշանակի չի դիպել,— ձայն տվեց Օվագիմ յուզբաշին, և համաձայնվեցին սրա հետ։

Այս նշանին առաջին անգամ առաջարկողը հրացան արձակեց, և, որքան ձեռքներում ծանր ու թեթև արին, չկարողացան գնդակի երկու մասերի ծանրությունն իրարից որոշել։

Պակաս չէր և հաղպատեցի Պրանի արածը, որ տախտակում տված առաջին գնդակի ծակով անցկացրեց հետևյալ գնդակները։ Բայց ոչ ոք չհամաձայնվեց կանգնելու արդվեցի լեզգի Պետոյի առաջ, որ առաջարկում էր, թե մեկը հեռու կանգնի, գլխին մի խնձոր դնի, որ ինքը հրացան արձակի խնձորին։

21