Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/233

Այս էջը հաստատված է

 - Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․

- Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

- Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։

- Դե գզեց ե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,

- Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․

- Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

- Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․

- Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

- Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը

227