ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
Ա
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։
- Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։
-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։
Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։
Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․
- Անունդ ի՞նչ է, բարեկամ։
- Հասան։
- Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։