Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/243

Այս էջը հաստատված է
2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

—Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի